Հոկտեմբերի 14-17-ը Դանիայի Կոպենհագեն քաղաքում կայացավ Եվրոպայի ամենամեծ գաստրոէնտերոլոգիական գիտաժողովը՝ Միացյալ եվրոպական գաստրոէնտերոլոգիական շաբաթը (UEG Week)։
Հայաստանից մասնակցող պատվիրակների թվում էին «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցից Գաստրոէնտերոլոգիայի կլինիկայի ղեկավար Գագիկ Հակոբյանը, Թերապիայի կլինիկայի ղեկավար Զինաիդա Ջնդոյանը, բժիշկ-գաստրոէնտերոլոգներ Մանիկ Գեմիլյանը, Սոֆյա Գրիգորյանը, Աշխեն Գյոզալյանը, Հեղինե Մովսիսյանը, բժիշկ-էնդոսկոպիստ Նանե Զալինյանը, կլինիկական օրդինատորներ Եվա Մանուչարյանը, Մարգարիտա Խաչատրյանը, Էմմա Հարությունյանը, Օլյա Սարգսյանը։
Նշենք, որ Գաստրոէնտերոլոգիայի եվրոպական միությունը կամ UEG-ը (United European Gastroenterology) ոլորտի եվրոպական խոշորագույն կազմակերպությունն է, որը միավորում է 50 000 մասնագետի՝ 17 անդամ մասնագիտական կազմակերպություններից (այդ թվում՝ EASL, ESGE, ECCO) և 49 անդամ ազգային ասոցիացիաներից։ Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիան դարձել է UEG անդամ ազգային ասոցիացիա 2013 թ․-ին։ UEG գործառույթներն իրականացվում են կոմիտեների միջոցով, որոնցից մեկը Ազգային միությունների կոմիտեն է, National Societies Committee (NSC), որի անդամներն ընտրվում են ազգային ասոցիացիաների ֆորումի կողմից։
Այս տարի հոկտեմբերի 14-ին կայացավ NSC անդամի ընտրություն, որին առաջադրվել էր 3 թեկնածու՝ Իսպանիայից, Թուրքիայից և Հայաստանից, ընտրվեց համալսարանական հիվանդանոցի բժիշկ-գաստրոէնտերոլոգ Մանիկ Գեմիլյանը՝ հավաքելով ձայների 60 տոկոսը։ Նա ներկայացրեց կոմիտեի աշխատանքի իր տեսլականը, որում մեծ կարևորություն է տրվում նորանկախ երկրների ավելի ակտիվ մասնակցությանը միացյալ եվրոպական գաստրոէնտերոլոգիական գործընթացներին։
UEG week-ին մասնակցած մեր բժիշկները նշում են, որ այն աշխարհի տարբեր երկրների փորձագետների համար իրենց վերջին հայտնագործությունները ներկայացնելու հիմնական հարթակն է: Գաստրոէնտերոլոգիայի ոլորտի առաջատար փորձագետների կողմից ներկայացվել են ստամոքս-աղիքային համակարգի պաթոլոգիաների համաշխարհային մակարդակի գիտական հետազոտությունների արդյունքները, ախտորոշման, բուժման նոր մոտեցումները:
Միջազգային մուլտիդիսցիպլինար գիտաժողովը անցկացվում էր ինտերակտիվ ձևաչափով, ինչը հնարավորություն էր տալիս յուրաքանչյուր դասախոսությունից հետո ՍԱՏ-ի պաթոլոգիաների արդի հարցերի շուրջ քննարկում ծավալել։ Ընդհանուր առմամբ՝ համալսարանական մասնագետները UEG week-ին մասնակցությունը արդյունավետ են համարում ոչ միայն ոլորտի նորություններին տեղյակ լինելու, խոսնակների հետ շփվելու, հարցուպատասխաններին մասնակցելու, այլև կապերի ստեղծման, համագործակցության հնարավորությունների համար։
.png)